Սոցիալականացում

Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։

Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։ Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և “մոռանալ”, չկատարել դերային պարտականություններ։ Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *