Ավետիք Իսահակյան – Է՜յ, ջան-հայրենիք

***

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,Սարերըդ կորած երկնի մովի մեջ.Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ: Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ: Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- -Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմՆոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմԿանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…


Եղիշե Չարենց -Հայրենիքում-

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Համո Սահյան -Հայաստան ասելիս-

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես: